ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում:
«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր» - ասել Է նա, գրում է Interfax-ը։
Պեսկովն անդրադարձել է նաև այն առավելություններին, որոնք Երևանը ստանում է ԵԱՏՄ–ին անդամակցությունից։
«Իրերը պետք է իրենց անուններով անվանել, դա մեծ դրական դիվիդենտներ է տալիս ՀՀ–ին որպես պետության, և նաև ժողովրդին»,–ասել է նա։
Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու նախագծին դրական դիրքորոշում արտահայտել։
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Աժ-ում։