ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ հանրապետության բազմաթիվ մարզերում ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք նախարարության գնահատմամբ բավարար վիճակում չեն գտնվում:
«Մրցութային գործընթացներ ունենք և տեղեր ունենք, որտեղ նոր ենք հրապարակել մրցույթները, այնտեղ հնարավոր են տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ, հնարավոր են նաև գնիջեցումներ: Քանի որ այդ մրցութային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա դժվար կարողանամ ենթադրություններ անել, որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա վստահեցրել է, որ վերջին տարիներին էական միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը հանրապետությունում:
«Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում չորս երթուղիների մասով: 2025 թվականի ընթացքում այդ երթուղիների թիվը չորսից կմեծանա և կարճ ժամանակահատվածում ամբողջ Հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում։ Ես շեշտում եմ, որ չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը»,- ասել է Խուդաթյանը: