Գործադիրը հաստատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Տիգրան Սիմոնյանի ընտրության արդյունքները:
Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2024 թ. դեկտեմբերի 10-ին: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:
Ընտրական գործընթացը տեղի է ունեցել ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 18-ի մասնակցությամբ: Մեկ փուլով անցկացված գաղտնի քվեարկության արդյունքներով Տիգրան Սիմոնյանը ստացել է 17 կողմ և 1 դեմ ձայն՝ ընտրվելով ինստիտուտի ռեկտոր 5 տարի ժամկետով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տիգրան Սիմոնյանն արդեն իսկ շուրջ 1 տարի բուհի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը:
Սիմոնյանն իր խոսքում ընդգծել է իր ստանձնած պատասխանատվության կարևորությունը։
«Բուհը նաև պատասխանատվություն է զգում՝ մասնակցելու այն աշխատանքներին, որոնք հաստատվել են անցած տարի Կառավարության կողմից, մասնավորապես՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ծրագրի աշխատանքներին: Հավատացեք, որ բուհն ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու նաև այս հարցերին»,–ասել է նա։
Վարչապետը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և հաջողություն մաղթել: