Ռուսաստան-Իրան գազատարի երթուղին կանցնի Ադրբեջանի տարածքով, և այն արդեն հաստատված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը:
«Ադրբեջանի տարածքով երթուղին հաստատված է։ Այժմ գտնվում ենք բանակցությունների վերջնական փուլում՝ գնի համաձայնեցման փուլում։ Ծավալներն արդեն որոշված են։ Գինը միշտ կոմերցիոն հարց է, և համաձայնության հասնելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր երկու կողմերից, իսկ մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցումը», – նշել է գերատեսչության ղեկավարը, հայտնում է ՌԲԿ–ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 17-ին հաստատել է, որ երկու երկրների միջև գազատարի նախագիծը գտնվում է իրագործման փուլում։ Նրա խոսքով՝ առաջին փուլում մատակարարումները կարող են կազմել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն հետագայում դրանք կարող են հասցվել մինչև 55 միլիարդ խորանարդ մետրի։ Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը հաստատակամ է այս նախագծի իրագործման հարցում։
2024 թվականի հունիսին «Գազպրոմ» և National Iranian Gas Company ընկերությունները ռազմավարական հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է ռուսական գազի մատակարարումների կազմակերպում Իրան։ Չնայած Իրանը տարեկան արդյունահանում է մոտ 260 միլիարդ խորանարդ մետր գազ՝ իր սեփական հանքավայրերից, երկրում, որի բնակչությունը կազմում է մոտ 89 միլիոն, ներքին սպառման ծավալները մնում են չափազանց բարձր, ինչը բերում է պակասուրդի։ Այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացումը երկրում ցածր մակարդակի վրա է։
Իրանի իշխանությունները նախատեսում են ստեղծել գազային հանգույց իրենց երկրում՝ համագործակցելով Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ։