ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ դադարեցնելով իր գործունեությունը Քննչական կոմիտեում: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։
Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ և այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբևէ հավատացել և վստահել են ինձ։ Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։ Աստված պահապան մեր Հայրենիքին…»,- գրել է նա։
Պետրոս Պետրոսյանը մինչ այդ զբաղեցնում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2024 թ. հունվարի 5-ին: