21 հունվարի 2025 - 18:16 AMT
Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2024–ին եղել է դրական՝ մակարդակի 22 սմ բարձրացումով

2024 թվականին Սևանա լճում արձանագրվել է ջրի մակարդակի աճ՝ 22 սմ-ով, ինչը պայմանավորված է ներհոսքի և տեղումների դրական ազդեցությամբ։

2024 թվականի ընթացքում գետերով Սևանա լիճ ներհոսած ջրի ծավալը կազմել է 680.79 մլն խմ, ինչը նորմայի 90%-ն է։ Համեմատության համար՝ 2023 թվականին գետային ներհոսքը կազմել էր նորմայի 66%-ը։ Լճի մակերևույթի վրա տեղացած տեղումների քանակը 2024 թվականին եղել է 579.5 մլն խորանարդ մետր՝ նորմայի 116%-ը, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։

Միաժամանակ, գոլորշացումը լճի մակերևույթից կազմել է 1062.3 մլն խորանարդ մետր, որը 98%-ով մոտ է նորմային։ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականին կազմել է 185,146 մլն խմ, ինչը 70․690 մլն խորանարդ մետրով գերազանցում է 2023 թվականին տեղափոխված ջրի ծավալը։

Այս տվյալների համակցությամբ Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2024 թվականին եղել է դրական։ Լճում կուտակվել է 280.3 մլն խմ ջուր, ինչը հանգեցրել է լճի մակարդակի 22 սմ-ով բարձրացման։