Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից տրանսպորտից օգտվելու համար առաջարկվում է 8 տեսակի ուղետոմս։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ»,– ասվում է գրառաման մեջ։
Նա հավելել է, որ օգտվելով Transport.yerevan.amկայքից՝ հնարավոր է՝
· ընտրել հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով,
· հաշվիչի օգնությամբ գտնել ամենաշահավետ տարբերակը,
· առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տնից դուրս գալու։
Ավինյանը քաղաքացիներին հորդորել է ծանոթանալ մանրամասներին և ավելի արդյունավետ կազմակերպել իրենց երթևեկությունը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։
Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։