22 հունվարի 2025 - 17:21 AMT
Էներգետիկ ըմպելիքներ 18 տարին չլրացածներին չեն վաճառի

Հայաստանում կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ օրինագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանի՝ այս նախաձեռնության նպատակն է նպաստել հանրային առողջության պահպանմանը և երիտասարդների շրջանում առողջ կենսակերպի խթանմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունվարի 20-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ Ղազարյանը, նախագիծը ներկայացնելիս, նշել էր, որ առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը և արգելել դրանց վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Նախատեսվում է նաև սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է. «Հիմնական տրամաբանությունը նաև այն է, որ կարճաժամկետ տնտեսական օգուտները ստորադասվում են երկարաժամկետներին, որովհետև այս պարագայում հանրային առողջությունը դիտարկվում է տնտեսության տեսանկյունից որպես երկարաժամկետ գործիք»։

Նախարարի խոսքով՝ հանրային առողջությունն ավելի գերակա է, քան այն կարճաժամկետ տնտեսական շահույթները, որոնք կարող էին ստացվել էներգետիկ ըմպելիքների վաճառքի ավելացման արդյունքում։