22 հունվարի 2025 - 17:47 AMT
ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Ազգային ժողովում քննարկվել է ՀՀ և ԱՄՆ միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև գործակցությունը՝ տվյալների փոխանակման և փոխադարձ վարչական աջակցության միջոցով։

Համաձայնագիրը տորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվել են դրույթներ, որոնցով կկարգավորվի տվյալների փոխանակումը համապատասխան երկու մարմինների միջև:

«Սա կարևոր քայլ է թափանցիկության և փոխգործակցության շարունակական զարգացման համատեքստում»,- ասել է նա:

Համաձայնագրով նախատեսվում է պարզեցնել և հստակեցնել փոխգործակցության մեխանիզմները։

Քննարկման ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրել է, թե արդյոք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը։ Գևորգյանը վստահեցրել է, որ չի հակասում ԵԱՏՄ գործող օրենսդրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: