23 հունվարի 2025 - 18:31 AMT
Turkish Airlines-ը 13 տարվա դադարից հետո առաջին թռիչքն է իրականացրել դեպի Սիրիա

Turkish Airlines-ը («Թուրքական ավիաուղիներ») վերսկսել է թռիչքները դեպի Սիրիա, որոնք դադարեցվել էին 2012 թվականի ապրիլի 1-ից արաբական երկրում քաղաքացիական պատերազմի պատճառով, հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ հունվարի 23-ին Ստամբուլի օդանավակայանից դեպի Դամասկոս TK 846 չվերթն է իրականացվել։ Անձնագրային հսկողությունից հետո ինքնաթիռ է բարձրացել 349 ուղևոր, որոնցից ոմանք ձեռքերին Սիրիայի նոր դրոշն են ունեցել, գրում է Factor.am-ը։

Ուղևորներից Ֆաթմա Զահրան լրագրողներին պատմել է, որ Թուրքիա է գնացել ընդամենը 2 տարեկանում և այժմ ուրախ է ընտանիքի հետ հայրենիք վերադառնալ

«Ես հիմա 14 տարեկան եմ և երբեք չեմ տեսել իմ երկիրը։ Ես շատ հուզված եմ, քանի որ առաջին անգամ եմ տեսնելու այն։ Մենք Դամասկոսից կուղևորվենք Հալեպ՝ տատիկիս այցելելու»,- ասել է նա։

Թուրքական պետական Անադոլու գործակալությունն էլ հայտնել է, որ ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում։

2024–ի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: