25 հունվարի 2025 - 10:32 AMT
Պուտինը Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Տիգրան Քեոսայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում։ Հրամանագիրը հրապարակված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

«Շնորհել պատվավոր կոչումներ. «Ռուսաստանի վաստակավոր արտիստ» Տիգրան Քեոսայանին՝ պրոդյուսեր, Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիայի ոչ առևտրային գործընկերության անդամ, քաղաք Մոսկվա», — նշված է փաստաթղթում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 9-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է։ Ավելի ուշ Սիմոնյանը նշել էր, որ պրոդյուսերի վիճակը մնում է անփոփոխ։

Տիգրան Քեոսայանը դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, հեռուստահաղորդավար։ Նա խորհրդային շրջանի հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդին է։ Տիգրան Քեոսայանի առավել հայտնի աշխատանքներից են «Խեղճ Սաշան» լիրիկական կատակերգությունը, «Ղրիմի կամուրջ. ստեղծված սիրով» և «Արծաթափայլ հովտաշուշան» ֆիլմերը։