7 փետրվարի 2025 - 11:46 AMT
ԱԳՆ-ն հստակեցրել է՝ որ ոլորտներում ՀՀ–ն կաջակցի Սիրիային

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է այն բարեփոխումների ուղղությունները, որոնցում Հայաստանը պատրաստակամ է աջակցել Սիրիային, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ՝ հայտնելով Երևանի պատրաստակամությունը՝ օժանդակելու հումանիտար և բարեփոխումների իրականացման գործընթացում։

Լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է կայացել Կոստանյանի այցը, ինչպես նաև՝ արդյոք Թուրքիան որևէ կերպ ներգրավված է եղել դրա կազմակերպման հարցում, և որ բարեփոխումների ուղղությամբ է Հայաստանը պատրաստ աջակցել։

ԱԳՆ–ից շեշտել են, որ այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ», և որ արա հիմնական նպատակն է եղել նոր իշխանությունների հետ կապերի հաստատումը, երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի ԱԳ նախարար դել Ասադ Ալ-Շայբանիի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից Սիրիային աջակցության տրամադրման հնարավորությունները, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական, հումանիտար և կրթամշակութային ոլորտներում ընթացող բարեփոխումների և հետպատերազմական վերականգնման համատեքստում»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, սիրիական կողմը բարձր է գնահատել հայկական պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։