Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ։ Նա նշել է, որ ճանապարհին կան «եվրոպական բյուրոկրատական խոչընդոտներ», սակայն վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ մինչև 2030 թվականը, հայտնում է Euronews-ը։
«Մենք հետևողականորեն կգնանք այս նպատակին և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումը կլինի ավելի արդար», - ասել է նա հարցազրույցում։
Նրա կարծիքով, գնդակը ԵՄ-ի դաշտում է, և միությունը պետք է ավելի ճկուն լինի նոր անդամների նկատմամբ մոտեցման հարցում։
Նոյեմբերին Վրաստանի կառավարությունը կասեցրել է անդամակցության բանակցությունները այն բանից հետո, երբ Բրյուսելը մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ։
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ Կոբախիձեն ասել է, որ չունեն դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ և չեն տեսնում դրանք վերականգնելու հնարավwրություն, սակայն Մոսկվայի հետ վարում են «պրագմատիկ քաղաքականություն»։
«Մենք պահպանում ենք առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և այսպես էլ կշարունակենք գործել առայժմ», -հավելել է նա։
ԵՄ-ն 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ, սակայն 2024–ի հունիսին որոշում է ընդունել դադարեցնել անդամակցության հայտի գործընթացը և նվազեցնել ֆինանսական աջակցությունը։ Պատճառը դարձել է «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի ընդունումը, որը Բրյուսելը համարել է ավտորիտար և ներշնչված Ռուսաստանի քաղաքականությամբ։
Եվրոպական հանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար՝ ի պատասխան երկարատև բողոքի ակցիաները ճնշելու կառավարության կոշտ քայլերին։