Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի փոխնախարարների երրորդ հանդիպումը, որը նվիրված էր այդ երկրների միջև կանաչ էներգիայի փոխանցման միջանցքի ստեղծման նախագծին։
Նիստին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը՝ Էներգետիկայի նախարարի տեղակալ Օրհան Զեյնալովի գլխավորությամբ։ Վերջինս ներկայացրել է երկրի ներկայիս ռազմավարությունը էներգետիկ անցման ոլորտում, վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը կանաչ էներգիայի արտահանման ուղղությամբ, հայտնում է APA-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնման հնարավորությունները չորս երկրների միջև։ Բացի այդ, դիտարկվել և համաձայնեցվել է «Փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության, Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Բուլղարիայի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև՝ կանաչ էներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ» փաստաթղթի տեքստը։