10 փետրվարի 2025 - 15:58 AMT
«Երևանտրանս»․ Երթուղու վերջնակետում տեղադրված բիոզուգարաններից մեկը նետել են ձորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին օրերին նկատել է խուլիգանական վարքագծի մի քանի դեպք՝ հանձնարարելով զեկուցել դրանց մասին։

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Այվազյանը տեղեկացրել է, որ վարորդների համար նախատեսված բոլոր բիոզուգարանները տեղադրվել են, սակայն դրանցից մեկը վնասվել է, հայտնում է Panorama.am-ը։

«Երթուղու վերջնակետում տեղադրված բիոզուգարաններից մեկը նետել են ձորը»,-հայտնել է Այվազյանը։

Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ ուղևորներից մեկը վթարային մուրճով կոտրել է ավտոբուսի ապակին, սակայն վարորդն արագ արձագանքել է՝ կանխելով դեպքը, և ոստիկանություն է կանչվել։

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն են։ Այսինքն՝ եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդ տեսակի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի: Կարծում եմ՝ շատ ադեկվատ և ճիշտ արձագանք է եղել։ Խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել»,-ընդգծել է Ավինյանը։

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել վարորդներին համբերատարության համար՝ հորդորելով չտրվել սադրանքներին և շարունակել իրենց աշխատանքը։

«Իրականում այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ իրենք բարձրաձայնում են, լուծելով գնում ենք»,-նշել է Ավինյանը։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: