12 փետրվարի 2025 - 19:01 AMT
Փաշինյան. Մենք հարկը ընդհակառակը նվազեցրել ենք

Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առևտրային գործունեությամբ զբաղվող և շրջանառության հարկով աշխատող քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Նա ընդգծել է, որ կառավարությունը ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել է հարկերը, հայտնում է 1lurer.am –ը։

«Մենք ի՞նչ ենք արել: Մենք հարկը ընդհակառակը նվազեցրել ենք: Վերջին ասուլիսում էլ, գրաֆիկը ցույց տալով, ասել եմ, որ եթե քաղաքացին մեր հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է, հարկերը նվազում են: Օրենքով սահմանված հարկերը նվազում են, դառնում են 1 տոկոս», – նշել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ հայտարարել էր՝ այս համակարգով պետք է մի քանի ամիս աշխատել, ապա դիտարկել արդյունքները, և եթե պարզվի, որ հաշվարկներում սխալ է թույլ տրվել, Կառավարությունը պատրաստ է այն ընդունել, քանի որ նպատակը բիզնեսին վնասել չէ, այլ օգնել։

Նրա խոսքով՝ այդ ոլորտում շրջանառության հարկ վճարողների 61․7%-ը տարեկան հայտարարում է մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն,։

«Եթե մենք վերցնենք, որ 10 միլիոն է հենց, բայց պարզ է, որ 10 միլիոն չէ, 10 միլիոնի հաշվարկով ստացվում է, որ օրը մոտավորապես 27 հազար դրամի առևտուր են անում մեր սիրելի հայրենակիցները», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ այս պարագայում տնտեսագիտական հաշվարկներով նման բիզնեսները պետք է գոյություն չունենային, քանի որ տարեկան հարկային պարտավորությունները կազմում են 500 հազար դրամ։

«61 տոկոսը բիզնեսի տնտեսագիտական հաշվարկով գոյություն չունի: Ո՞նց գոյություն ունի... որովհետև պետք է ինչ-որ ապրանք ձեռք բերի, վարձակալության վճար վճարի, ծախսեր անի: Ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյության համար: Այսինքն՝ Կառավարությունը պետք է նստի, նայի, ասի՝ հա՛, այդպես էլ կա՞», – նշել է վարչապետը։

Նոր օրենքի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկը կրկնապատկվել է՝ դառնալով 10% բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք չեն ներկայացնում ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր։ Սակայն պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը նվազում է՝ կազմելով շրջանառության ընդամենը 1%։ Օրենքը նաև պահանջում է գույքագրել առկա ապրանքը։