13 փետրվարի 2025 - 16:45 AMT
Նախարարը՝ եկամտահարկից վերադարձի հնարավորության մասին․ Արվեստի կենտրոններում մոտ 43,000 երեխա վճարովի է սովորում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում, որոնց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ։

Նրա խոսքով՝ հանրապետությունում գործում է 238 արվեստի, երաժշտական ու գեղարվեստի կենտրոն, որտեղ սովորում է ավելի քան 55 հազար երեխա, որոնցից ավելի քան 43,000-ը՝ վճարովի հիմունքներով, հայտնում է «Առավոտը»։

«Եվ կարևոր է իմանալ, որ այսօրվա ընդունված որոշումից հետո կարող են դիմել և այս ծախսերի փոխհատուցումը նույնպես եկամտային հարկից հետ ստանալ։ Անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարևոր փաստ է»,– ընդգծել է նախարարը։

Կառավարության որոշմամբ՝ եկամտի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների համար սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի։ Պետությունը տարեկան մինչև 100,000 դրամով կփոխհատուցի նաև երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների համար կատարված ուսման վարձավճարները