Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպում է ունեցել «Մեդինվեստկոր» առողջապահական կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենիա Լանովայայի և զարգացման տնօրեն Սերգեյ Բրյուխանովի հետ։ Հանդիպման առանցքում Ալավերդու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ծառայության հիմնումն է եղել, ինչն ունի մեծ կարևորություն, քանի որ տարածաշրջանի հիվանդները ներկայում ստիպված են այդ ծառայությունը ստանալու համար տեղափոխվել այլ համայնքներ, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծում։
Մարզպետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի բնակիչների բուժօգնության հասանելիության բարելավմանը։
Կազմակերպության ներկայացուցիչները, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել են իրենց առաջարկը՝ Ալավերդու ԲԿ-ի տարածքում վարձակալության հիմունքներով հեմոդիալիզի բաժանմունք հիմնելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել տարածքը, ապահովել այն նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստել բուժանձնակազմը՝ ծառայության որակը բարձրացնելու նպատակով։
Կողմերը մանրամասն քննարկել են բաժանմունքի կազմակերպմանն առնչվող տարբեր հարցեր։ Մարզպետը հանձնարարել է պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ ձեռնարկել համապատասխան աշխատանքներ՝ բաժանմունքի հիմնման ուղղությամբ։
Քննարկմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ղեկավար Ռուզաննա Պողոսյանը և Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը։