Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության ուղին, մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը դժվար է ըմբռնել կամ մեկնաբանել։ Այդ մասին խոսել է Հայաստանի Ազգային ժողովում, որտեղ անցկացվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը, հայտնում է Արմենպրեսը։
Ուշակովսը կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը Հայաստանի հետ։
«Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար»,–ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Բաքուն հրաժարվում է համագործակցությունից և ձգտում է դադարեցնել ԵՄ առաքելության ներկայությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ կապված սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմների ստեղծման հետ։
«Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,– շեշտել է Ուշակովսը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր իրենց զեկույցներում և ելույթներում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմը, Ադրբեջանի տարածքում պահվող գերիների առկայությունը և այլ կարևոր խնդիրներ։ Նա նաև հայտարարել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց։