Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, փետրվարի 26–ին պետք է կայանար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է:
Սերգեյ Ասատուրովի պաշտպանները չեն ներկայացել նիստին, հայտնում է “Փաստինֆոն»։
Մասնավորապես, Արման Մաթևոսյանն այլ աշխատանքի է անցել, որը համատեղելի չէ փաստաբանական գործունեության հետ, Արմինե Սարգսյանի հետ նախնական պայմանավորվածություն չի եղել, իսկ Արայիկ Ներսիսյանը նույնպես չի ներկայացել:
Գործով բացակայել է նաև դատախազ Հայկ Հարությունյանը, որն այլևս դատախազությունում չի աշխատում:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 24-ին՝ ժամը 16։00-ին:
2023 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողները ուժի գործադրմամբ բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու համար։
Քննությունը ներկայացրել էր մեղադրանք և դիմել դատարան՝ կալանավորման միջնորդությամբ, որը բավարարվել էր։ Այնուհետև, դառնալով ԱԺ պատգամավոր, Լևոն Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից։ Նախաքննության վերջին փուլում նրա մեղադրանքը փոփոխվել էր, մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։