28 փետրվարի 2025 - 14:59 AMT
Աֆեյանը Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին․ «Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»

Հայտնի հայ գործարար Նուբար Աֆեյանն ուղերձով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հայ ժողովրդին` կոչ անելով իրենց ձայնը բարձրացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների դեմ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։

Եթե ոչ մենք, ապա՝ ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»,- հավելել է նա։

Երևանում փետրվարի 28–ին բողոքի ակցիաներ են ընթանում հաջակցություն Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է, և մյուս հայ գերիների։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից իր դեմ կազմակերպված դատական գործընթացի դեմ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ նրա առողջությունը և անվտանգությունը լրջագույն վտանգի տակ են։

Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին՝ պնդելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։