Մարտի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսական Մայքլ Լոուլերի (Հանրապետական, Նյու Յորք) հետ, ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները և այդ գործընթացում Կոնգրեսի կարևոր դերը։
Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հանրային իր ելույթներում բազմիցս ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իր աջակցությունը, ինչի համար դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել նրան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։