Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի ՆԳՆ-ն շուրջօրյա հասանելիության իրավունք կստանա պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, օդանավակայաններում, անցակետերում և ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների տվյալներին։
Ինչպես ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը ներկայացրել է օրինագիծը, ՆԳՆ-ն կօգտագործի արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ որոնվող անձանց նույնականացնելու համար, հայտնում է «Նովոստի Արմենիան»։
Բացի այդ, գերատեսչությունը կկուտակի ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալներ և նախատեսում է վճարովի հիմունքներով ապահովագրական ընկերություններին տրամադրել դրանց մշակման ծառայություններ։
Նախագիծն ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։