ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելու «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական ընթացքը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ երկրորդ «Երևանյան երկխոսությունը» նախատեսվում է անցկացնել մայիսի 26-27-ը, որի շրջանակում նախատեսված են քննարկումներ մի շարք թեմաների շուրջ։
Դրանց թվում ընդգրկված են խաղաղության և անվտանգության խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, ԵՄ-ի և նրա հարևանությանն առնչվող միտումները, բնապահպանական փոփոխությունները, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության հարցերը, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքները։