«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը վերադարձել է Ազատության հրապարակ և շարունակում է հացադուլը։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հրաժարվել է բժշկական միջամտությունից։
«Առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։ Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։
Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը»,–ասվում է գրառման մեջ։
Մարտի 5–ի առավոտյան, շտապօգնության մեքենան Թանդիլյանին տեղափոխել էր հիվանդանոց՝ նրա ինքնազգցողությունը վատթարացել էր հացադուլի պատճառով։
Մարտի 1-ից նա հացադուլ է հայտարարել՝ աջակցելու Բաքվում ապօրինի դատապարտված հայերին։ Միևնույն ժամանակ, նա նաև կոչ է արել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։