6 մարտի 2025 - 16:50 AMT
Փարիզում քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ներառյալ փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ուսումնասիրումը, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։

Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ արդեն ձևավորված հաջող համագործակցությունը, ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր համագործակցության հնարավոր ուղղություններ։ Մասնավորապես, խոսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև ֆրանսիական առաջատար շինարարական և ինժեներական ընկերությունների մասնակցության հնարավորության մասին։

Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման կարևորությունը, վստահեցրել է, որ քննարկված ծրագրերը շարունակելու են մնալ Ֆրանսիայի կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց իրագործման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

Կողմերը համաձայնության են եկել համագործակցության հետագա քայլերի և ծրագրերի իրագործման վերաբերյալ։