Վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացմանն ու վերազինմանը հատկացվել է մոտ 6 միլիարդ 300 միլիոն դրամ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մետրոյի դեպոն վերափոխվում է․ տանիքն ու դռները նորացվել են, ինչի համար ծախսվել է 153.7 միլիոն դրամ։ Բացի այդ, 825 վոլտ մալուխների միացման կետերն էլ վերազինվել են, ինչի ընդհանուր արժեքը կազմել է 47 միլիոն դրամ։
Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոխարինվել են՝ 290 միլիոն դրամի ներդրմամբ։
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար հատկացվել է 260 միլիոն դրամ, իսկ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները ամբողջությամբ փոխարինվել են՝ 204 միլիոն դրամի ներդրմամբ։
Ներկայումս ընթանում է «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացը, որի համար ներդրվել է 114 միլիոն դրամ։
Հաջորդը «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների արդիականացման ծրագիրն է, որի համար արդեն հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ։