12 մարտի 2025 - 18:04 AMT
Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում

Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր հարթակ, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։

Քաղաքացիները հնարավորություն ունեն ստուգել կամ ներբեռնել իրենց ընտրական տվյալները հրապարակված ցուցակներում։

Մարտի 30-ին նախատեսված ընտրություններին մասնակցող Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ընտրողները կարող են իրենց տվյալներին ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ռեգիստրում։

ԿԸՀ ընտրողների ռեգիստրի որոնման գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա տեսնել նաև տեղամասային կենտրոնի հասցեն։

2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները այլևս թղթային ծանուցումներ չեն ստանա։