Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և ՀԿ նախագահ Մարինե Հարությունյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատորներ կաշխատեն «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի լիցենզավորված թարգմանիչները, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն քաղաքացիների զանգերը։
Արա Ֆիդանյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, շեշտել է, որ նախարարությունը միշտ կարևորել է սահմանափակ կարողություններով անձանց հետ փոխգործակցությունը։
Մարինե Հարությունյանը, իր հերթին, նշել է, որ հուշագիրը կամրապնդի համատեղ աշխատանքի ուղղությունները՝ ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն։
Փաստաթղթի ստորագրումից հետո ՀԿ-ի ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են անցկացրել ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ՝ անդրադառնալով սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ փոխգործակցության հարցերին։
Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագրի մշակման հարցը։