17 մարտի 2025 - 17:24 AMT
Պապոյան. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ 2024–ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով։

Նա ընդգծել է, որ հատկապես Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծ աճ է գրանցել՝ 156․5 տոկոս, իսկ Բելառուսի հետ՝ 109․1 տոկոս, հայտնում է Aysor.am-ը։

Պապոյանի խոսքով, Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը որոշ չափով նվազել է․ մասնավորապես, Ղազախստանի հետ այն կազմել է 76․4 տոկոս, իսկ Ղրղզստանի դեպքում՝ 50․1 տոկոս։

«Ղազախստանը 110-ից դարձել է 84 մլն, Ղրղզստանը՝ 29-ից 14,6 մլն։ Բելառուսի դեպքում՝ 188-ից 205, ՌԴ-ն 7․9 մլրդից 12․4 մլրդ է դարձել»,- նշել է նախարարը։

Պապոյանը պարզաբանել է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության նվազման հիմնական պատճառը ավտոմեքենաների առևտուրն է, որը որոշակիորեն սահմանափակվել է ՌԴ-ի կողմից ընդունված կարգավորումների արդյունքում։