18 մարտի 2025 - 11:14 AMT
Մայրաքաղաքում և մարզերում սպասվում են անձրևներ, լեռնային գոտիներում՝ ձյուն

Մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ մարտի 19-22-ին արդեն երկրի զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում հատկապես գիշերային ժամերին տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ մարտի 19-20-ին որոշ շրջաններում դրանք կդառնան առատ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ, իսկ մարտի 19-20-ին առանձին հատվածներում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-22-ին աստիճանաբար կնվազի՝ ցերեկային ժամերին 8-10 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 10-12 աստիճանով։

Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, ինչպես նաև մարտի 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22...+24 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի՝ կազմելով +10...+12 աստիճան։