18 մարտի 2025 - 13:46 AMT
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին, կարևորել երկկողմ հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ուղերձում նշվել է, որ Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։

Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ-ն մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել զարգացնել համագործակցությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի շահ երկու երկրների։

Վարչապետը նաև նշել է, որ պատրաստ է սերտորեն աշխատելու Մարկ Քարնիի հետ՝ երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով։

Նա Կանադայի վարչապետին մաղթել է քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Կանադայի ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն։

Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14–ին։