Կառավարության նիստում որոշվել է, որ Հայաստանը ՄԱԿ–ի մշտական ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։
Հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ։
Ենթադրվում է, որ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը նշանակալի դեր կունենա ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ կապերի խորացման գործում, ինչը կարող է նպաստել Հայաստանի խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության ընդլայնմանը։
Բացի այդ, կցորդը հնարավորություն կունենա ներկայացնելու Հայաստանի ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև երկրի դիրքորոշումները՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համատեքստում։