Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ Հունաստանը, որպես ժողովրդավարության բնօրրան, այսօր էլ վառ օրինակ է հանդիսանում խորհրդարանական ժողովրդավարության մեջ։
Նա բարձր է գնահատել Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
«Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին՝ մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։
Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։
Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների:
Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»,–ասվում է ուղերձում։