ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն և միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների և այլ պահվող անձանց նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ դատական գործընթացները և ազատել նրանց։
Կոստանյանը, մեկնաբանելով Ադրբեջանից հնչած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի արցախյան պատերազմների մասնակիցներին իբր պատժելու ուղղությամբ, ընդգծել է, որ նման հայտարարություններն արվում են՝ նպատակ ունենալով ստվերելու Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը, հայտնում է Արմենպրեսը։
«Սա իրականացվում է՝ ստվերելու համար Բաքվում այս պահին ընթացող իրավական գործընթացները, որոնք դժվար է նույնիսկ իրավական անվանել։ Բնականաբար, միջազգային հանրությունն ու Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել այս գործընթացները և ազատ արձակել մեր հայրենակիցներին, և դրան ի պատասխան Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»,- շեշտել է Կոստանյանը։
Խոսելով նաև Բաքվի վերջին հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ իբր Ադրբեջանը նախատեսում է տեղահանել և Հայաստանում վերաբնակեցնել ադրբեջանցիներին, նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա, և նման հարց չկա նաև Երևանի օրակարգում։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։