Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիան ներկայացրել է պատճառները, թե ինչու միևնույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը, հայտնում է Արմենպրեսը։
«Իրավական տեսանկյունից ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն հանդիսանում են մաքսային միություններ, որոնք ստեղծվել են միջազգային առևտրային իրավունքի շրջանակում, և դա է պատճառը, որ նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել երկու միություններին: Այն պետությունը, որն արդեն փոխանցել է իր առևտրային քաղաքականության լիազորությունները ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին, չի կարող կրկնակի մասնակցել նմանատիպ գործընթացների մյուս միության շրջանակում»,–ասվում է պարզաբանման մեջ։
Մարտի 26-ին Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է Եվրամիությանը միանալու գործընթացը մեկնարկելու մասին օրինագիծը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արձագանքելով այս գործընթացին, մարտի 27-ին հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել»։ Նա ընդգծել է՝ նույն պետությունը չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ։ Բացի այդ, Օվերչուկը հավելել է՝ Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երևանի հետ առկա տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը, եթե Հայաստանը ընտրի ԵՄ-ին միանալու ճանապարհը։