Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Sputnik Արմենիան։
«ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով` հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով»,-ասել են դատախազությունից։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որը ենթադրաբար վերագրվում է Վարդան Ղուկասյանին, որի ընթացքում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
«Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը: