Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ ասել է, որ վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն այսօր դարձել են առավել խիստ, իսկ համակարգում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետությունը էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում, հայտնում է Արմենպրեսը։
«Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են։ Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք»,- նշել է Խաչատրյանը։