10 ապրիլի 2025 - 12:28 AMT
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ՀՀ հետ խաղում միջադեպի համար

ՈւԵՖԱ-ն 40,000 եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ մարտի 23-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի, հայտնում է Sputnik-georgia-ն։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ նաև 2–ամյա փորձաշրջան է սահմանվում՝ եթե նման խախտումները շարունակվեն, Վրաստանի հավաքականը կրկին հանդիպումներ կանցկացնի առանց հանդիսատեսի ներկայության։

Ավելի վաղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին դատապարտել էր վրաց երկրպագուների պահվածքը։

Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո մի խումբ վրացի երկրպագուներ անկարգություններ են սկսել՝ ներխուժել են խաղադաշտ, ուղղվել դեպի հայ երկրպագուների սեկտորն ու սկսել պլաստիկե տարաներ նետել նրանց ուղղությամբ։