Ապրիլի 14-ին ժամը 11:00-ին, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կազմակերպելու է բողոքի ակցիաներ ՀՀ արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության շենքերի դիմաց։ Այս միջոցառումների նպատակն է ներկայացնել մի շարք հիմնարար հարցեր, որոնց լուծումը, խորհրդի համոզմամբ, չի կարող այլևս հետաձգվել։
«Մասնավորապես, արտգործնախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ։
Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի։
Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։