ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը, որոշ դադարից հետո, վերսկսել է Հայաստանի դեմ տեղեկատվական թիրախավորման գործողությունները։
Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում։
«Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները:
Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:
Առաջին, թեման ծախում է միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:
Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:
Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:
Չորրորդ, այս ամբողջ պրոցեսը առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:
Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ»,–ասվում է գրառման մեջ։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը և ավելացրել գիշերային պարեկությունները։ ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնում են ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին։