Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է, որ Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցող և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների բաժնեմասերի՝ համապատասխանաբար 50 և 100 տոկոս սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախապես համաձայնեցված կերպով, 2020-2024 թվականների ընթացքում դիտավորյալ թաքցրել է ընկերությունների իրական եկամուտները՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց և այդ կերպ ապահովելով լրացուցիչ շահույթ։
Ըստ ՀՀ դատախազության՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 51/2 և Վրացական փողոցի 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի պայմանագրերում նշվել են գույքի արժեքի նվազեցված թվեր՝ իրական գնի փոխարեն։
Քանի որ քրեական վարույթով ձեռք են բերվել հանցագործության կատարման մասին բավարար ապացույցներ, 2025-ի ապրիլի 11-ին դատախազը, հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ վերոհիշյալ անձանց նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։
Հետապնդման որոշումների կայացումից հետո մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ անձանց։ Արդյունքում ընկերությունների սեփականատերը ճանաչել է խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը և ամբողջությամբ փոխհատուցել է պետությանը պատճառած վնասը, որը կազմել է 650 միլիոն դրամ՝ համարժեք 1 միլիոն 662 հազար ԱՄՆ դոլարի։
Նախաքննությունը շարունակվում է։