15 ապրիլի 2025 - 12:14 AMT
Վալոդյա Գրիգորյանը՝ Փարաքարի նոր համայնքապետ

Փարաքարի համայնքի նոր ավագանու կազմը ձևավորվել է. մանդատները հանձնվել են կուսակցությունների առաջատար թեկնածուներին, իսկ ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Ապրիլի 19-ին Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները, հայտնում է Factor.am-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունից հայտնի է դառնում, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի առաջին համարները մանդատները վերցրել են։ Նրանք են՝ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Դավիթ Մինասյանը։

Այսպիսով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Փարաքար համայնքում ունի 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը 12, «Ազգային առաջընթաց»-ը` 2 մանդատ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Տարոն Ղալողլանյանի և Հովհաննես Մխիթարյանի գրանցումները, ինչպես նաև ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Սվետա Ավագյանի գրանցումը: