15 ապրիլի 2025 - 13:52 AMT
ԱԺ-ի մոտ պահանջում են չեղարկել տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար տուգանքի օրինագիծը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ հանդես գալով ընդդեմ այն օրինագծի, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն սահմանել տրանսպորտում ուղեվարձ չվճարելու դեպքում։

Նշված օրինագիծն ապրիլի 15–ին պետք է քննարկման դրվի ԱԺ լիագումար նիստում։

Նախագծով նախատեսվում է նաև, որ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանվելիք վճարները կդիտարկվեն որպես տեղական վճարներ։ Բացի այդ, այն ենթադրում է վարչական տուգանք սահմանել այն ուղևորների համար, ովքեր օգտվում են ծառայությունից՝ առանց վճար կատարելու։ Ավելին, նախատեսվել է գործարկել մեխանիզմներ՝ նման խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Քաղաքացուն ուզում են «տուգանքի մատերիալ» դարձնել։ Մենք պայքարում են այն օրինագծի դեմ, որով տուգանվելու են տրանսպորտի թանկացման դեմ բողոքող և չվճարող քաղաքացիները»,–ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Ըստ օրինագծի՝ եթե ուղևորը վճարումը չի կատարել, ապա նրան սպառնում է 10,000 դրամ տուգանք, իսկ եթե նա օգտվում է տրանսպորտից՝ կիրառելով մեկ այլ անձի՝ օրինակ ընտանիքի անդամի արտոնությունների փաթեթը, ապա տուգանքը կկազմի 15,000 դրամ։

Լիազորված մարմիններին նախատեսված է տալ հնարավորություն կիրառելու տարբեր տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ տեսագրող, լուսանկարող կամ ձայնագրող սարքեր՝ վարչական իրավախախտման դեպքերը հայտնաբերելու և ուղևորներին նույնականացնելու համար։

Ուղևորներից պահանջվում է նստելուց անմիջապես հետո, առավելագույնը՝ մեկ րոպեի ընթացքում, կատարել վճարումը և մինչ ուղևորության ավարտ պահել տոմսը կամ այլ վավերացված կրիչ։ Վճարման փաստը, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի վերահսկող անձին, իսկ դրա բացակայությունը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։

Լիազորված անձինք նաև կարող են դիմել բնակչության պետական ռեգիստր՝ չվճարող ուղևորի ինքնությունը պարզելու նպատակով՝ տեխնիկական միջոցներով ստացած տվյալների հիման վրա, իսկ եթե քաղաքացին հրաժարվում է նույնականացումից, կարող են դիմել ոստիկանություն։

Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: