16 ապրիլի 2025 - 13:29 AMT
2024-ին ավելի քան 4000 ոստիկանից միայն 1031–ն է անցել ատեստավորման շեմը

2024-ին ոստիկանության համակարգում ատեստավորմանը մասնակցած 4063 ծառայողից միայն 1031-ն են կարողացել հաջողությամբ անցնել շեմը։ Տվյալները ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման քննարկման ընթացքում։

Նախարարն ընդգծել է, որ ոստիկանության ծառայողների վարձատրությունն էապես բարելավվել է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, թե ոստիկանությո՞ւնն է այն համակարգը, որտեղ պետք է փոփոխվեին աշխատավարձերը, վստահաբար այո՛, քանի որ ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն»,–ասել է նա։

Նա հավելել է, որ նախկինում քրեական ոստիկանը ստացել է մոտավորապես 285 հազար դրամ, իսկ ներկայում այդ գումարը կրկնապատկվել է։

Սարգսյանը նշել է նաև, որ պարեկային ծառայությունն այժմ անհամեմատ ավելի համայնքամետ է, քան նախորդ տասնամյակներում:

«2021–24 թթ. ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67, իսկ մարզերում` 29 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Բնականաբար, բոլոր այս դեպքերում պարեկները բերման են ենթարկել իրավախախտին, որը համարձակություն է ունեցել կաշառք առաջարկել պարեկային ծառայողին»,-ասել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին ատեստավորմանը մասնակցած ծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։

Ի հավելումն՝ Սարգսյանը անդրադարձել է նաև փրկարար ծառայության ապագային՝ նշելով, որ 2025 թվականը լինելու է այդ համակարգի մոդեռնիզացման տարի՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գործառութային առումներով։