16 ապրիլի 2025 - 15:44 AMT
Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է Փարաքար համայնքի ղեկավար

Փարաքար խոշորացված համայնքի նոր ձևավորված ավագանու նիստն անցկացվել է մշակույթի տան դահլիճում։ Վոլոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձել է Փարաքար համայնքի ղեկավար:

ՔՊ-ն նիստին չի մասնակցել՝ շարունակելով բոյկոտի ուղին, ինչպես դա արել էր նաև Գյումրիում, հայտնում է «Փաստինֆոն»։

Մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում իշխող ՔՊ-ն պարտություն է կրել, իսկ 57 տոկոս քվեով հաղթող է ճանաչվել «Միասնություն» դաշինքը, որի կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու է Վոլոդյա Գրիգորյանը։

Վոլոդյա Գրիգորյանն իր լիազորությունների իրականացումը կսկսի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին։ Երդման արարողության կազմակերպման հարցը հանձնվել է համայնքի աշխատակազմին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12 մանդատ, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությանը բաժին է հասել 2 մանդատ։