18 ապրիլի 2025 - 17:56 AMT
Շահրամանյան․ ՀՀ իշխանություններից ճնշում չեմ զգում, բայց անտեսված ենք

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ուղղակի ճնշման՝ լինի դա ֆիզիկական, թե քրեական պատասխանատվության սպառնալիք, չի զգացել։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։

Նրա դիտարկմամբ՝ եթե անտեսված լինելը կարելի է գնահատել որպես ճնշում, ապա նման ճնշում իսկապես առկա է՝ նկատի ունենալով, որ բռնի տեղահանությունից հետո իշխանության ներկայացուցիչների հետ որևէ շփում չի եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Եթե դուք սա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն լուծումներ, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք մեզ օտար ենք զգում, անընդունելի է»,- ասել է Շահրամանյանը։

2024 թվականի փետրվարի 22-ին հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է՝ որպես վկա քրեական գործի շրջանակում։

Հունիսի 21-ին էլ հայտնի է դարձել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են ՀՀ-ում գործող Արցախի ներկայացուցչության տարածք՝ կոտրելով դարպասը, և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան։ Այդ պահին քննիչը արդեն կապարակնքել է Շահրամանյանին սպասարկող մեքենան՝ նշելով, որ իրականացվող գործողությունները կատարվում են քրեական վարույթի շրջանակում։