Ապրիլի 20-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Զատկի ավանդական ուղերձով դիմել է հավատացյալներին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց։ Նա անդրադարձել է նաև ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորմանը։
«Եկեք աղոթենք, որպեսզի շուտով ստորագրվի և կյանքի կոչվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը»,–ասել է նա, գրում է Vatican news-ը։
Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում կենտրոնացրել է համաշխարհային խաղաղության, համընդհանուր զինաթափման և բանտարկյալների ազատ արձակման վրա։
«Կցանկանայի, որ մենք նորից սկսեինք հուսալ, որ խաղաղությունը հնարավոր է: Սուրբ Գերեզմանից՝ Քրիստոսի Հարության տաճարից, որտեղ այս տարի Սուրբ Զատիկը նշվում է նույն օրը կաթոլիկների և ուղղափառների կողմից, թող խաղաղության լույսը լուսավորի ամբողջ Սուրբ Երկիրը և ամբողջ աշխարհը»,-ուղերձում նշել է նա։
Զատկի պատարագը տեղի է ունեցել առանց Ֆրանցիսկոս պապի մասնակցության։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին։