Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական աղբյուրներին։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է», — նշված է հրապարակման մեջ։
Վատիկանի կամերլենգո, կարդինալ Քևին Ֆարելը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկանում։
«Այս առավոտ ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջ և Նրա Եկեղեցու ծառայությանը», - ասվում է Ֆարելի հայտարարության մեջ։, հայտնում է AP-ն։
«Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարմությամբ, քաջությամբ և համընդհանուր սիրով, հատկապես ամենաաղքատների և ամենամարգինալացվածների հանդեպ»:,–ասել է նա։
Պապը 88 տարեկան էր։ Փետրվարին նա հոսպիտալացվել էր և բուժում էր անցնում Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ բրոնխիտի բուժման նպատակով։ Բուժման ընթացքում նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ։ Հիվանդանոցում անցկացրած հինգ շաբաթների ընթացքում Ֆրանցիսկոսը կրել է չորս շնչառական ճգնաժամ, որոնցից երկուսը սպառնալիք են հանդիսացել նրա կյանքին։
Մարտի 23-ին դուրս գրվելուց հետո Պապը միայն մեկ անգամ է հրապարակավ հայտնվել, սակայն շարունակել է սահմանափակ կատարելու իր պարտականությունները՝ ընդունելով հյուրեր։ Նրանց թվում են եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, ում նա ընդունել է ապրիլի սկզբին, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը Պապին այցելել է Սուրբ Շաբաթ օրը։
Զատկի պատարագը տեղի է ունեցել առանց Ֆրանցիսկոս պապի մասնակցության։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին։