Պետական եկամուտների կոմիտեն միակ պետական կառույցն է, որն իր աշխատանքում կիրառում է արհեստական բանականության հիմքով մշակված գործիքներ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով, թե ինչ նոր հնարավորություններ է ապահովում այս տեխնոլոգիան։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության կիրառումը հնարավորություն է տալիս թիրախավորել և գնալ թիրախավորված կոնկրետ տնտեսվարողների մոտ համապատասխան ստուգումների, ինչն էապես նվազեցնում է այցերը, գրում է Auroranews.am-ը։
«Հիմա դա ճանապարհ է անցնում և արդյունավետությունը բարձրանում է: Վերջերս մենք Ամերիկյան համալսարանի հետ մշակեցինք նոր ծրագիր, մշակվեց արհեստական բանականության նոր գործիքակազմ, և այս վերլուծությունների զարգացումն այլընտրանք չունի:
Եթե մենք ուզում ենք իրապես հարկերի վճարմանը ծառայենք, ապա պետք է նաև տնտեսությունը հաշվի առնենք: Նոր մոտեցումներից մեկն այն է, որ մենք բացի առանձին տնտեսվարողների ռիսկերը գնահատելուց, նաև նայում ենք ոլորտային զարգացումները:
Այսինքն, տնտեսական զարգացումները հաշվի առնելով ենք ուսումնասիրություններն անում: Դա թույլ է տալիս հասկանալ, թե տվյալ ոլորտը զարգացման ինչ վիճակում է գտնվում, ինչ ստվերայնություն ունի և ինչքան է ռիկի մակարդակը և էդ բոլոր պարամետրերը համադրելով ճիշտ որոշում ենք կայացնում որտեղ ստուգումներ իրականացնենք»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ՝ այս նոր գործիքակազմը հիմնված է տվյալների խորը վերլուծության վրա, ինչը թույլ է տալիս ավելի համակարգված և ճշգրիտ մոտեցում ցուցաբերել՝ խուսափելով և՛ վարչարարական ավելորդ բեռից, և՛ բիզնեսին անհարկի խոչընդոտներ ստեղծելուց։